19/11/2024
Շարֆերի օգտագործման պատմություն
Եգիպտոսի թագուհի Նեֆերտիտին առաջինն էր, ով օգտագործել է շարֆը որպես աքսեսուար։
Շարֆերի օգտագործումը ունի ավելի քան 3000 տարվա պատմություն և ընդունված է համարել, որ շարֆերի վերաբերյալ հիշատակումները եղել են մ.թ.ա. 1350թ.-ին Հին Եգիպտոսում:
Թագուհի Նեֆերտիտին շարֆը կրում էր գլխին, որպես զարդարանք գլխի և գոհարազարդ գլխարկի միջև, ինչպես նաև որպես սոցիալական բարձր կարգավիճակի ցուցանիշ:
Չինացի զինվորները և շարֆերը
Չինացի զինվորներն առաջիններից էին, ովքեր օգտագործում էին շարֆեր: Մ․թ․ա․ 1000 թվին թվագրված քանդակներում երևում են զինվորների ուսերին կրած ուղղանկյուն շալերը:
Հին հռոմեացիները և շարֆերը
Հին հռոմեացիներն էլ վաղուց սկսել էին օգտագործել շարֆեր, սակայն կոնկրետ ժամանակագրությունը հայտնի չէ: Նրանց համար շարֆը ծառայում էր որպես «քրտինքի կտոր», որն օգնում էր մնալ մաքուր և սառը, այլ ոչ թե տաքանալու համար:
Զարմանալի է, բայց հնագույն ժամանակներում շարֆերը հիմնականում կրում էին տղամարդիկ, մինչդեռ ժամանակակից շրջանում այն հաճախ ընկալվում է որպես կանացի աքսեսուար:
Վերջին շրջանում, սակայն, շատերը կրկին ընդունում են, որ շարֆը կարող է նաև տղամարդկային իր լինել:
Մետաքսե շարֆերը՝ որպես կարգավիճակի նշան
Չինաստանում շարֆերը շարունակում էին լինել ռազմական համազգեստի մաս: Մ․թ․ա․ 230 թվականին շարֆերը խորհրդանշում էին զինվորական աստիճանը. բարձր պաշտոնյաները կրում էին մետաքսե շարֆերը, իսկ ցածր պաշտոնյաները՝ բամբակե:
Շարֆերը միջնադարում
Միջնադարում շարֆերը շատ հետքեր չեն թողել պատմության մեջ, բայց ենթադրվում է, որ այս շրջանում շարֆերը հիմնականում կրում էին գլխին: Հաճախ հարուստ կանայք կրում էին գլխարկներ երկար շարֆերով, իսկ աղքատ կանայք՝ իրենց գլխին կապած կտորներ:
Շարֆերի զարգացումը նորաձևության մեջ
1600-ականներին Ֆրանսիայում հայտնվեցին cravates, որոնք ժամանակակից փողկապերի նախատիպերն էին: Ֆրանսիացիները դրանք որդեգրեցին խորվաթ զինվորներից, ովքեր կրում էին թաղիքային շարֆեր որպես վզի զարդարանք: Cravate-ը շուտով տարածվեց որպես նորաձև աքսեսուար:
Միաժամանակ Իսպանիայում մանտիլան՝ մետաքսից կամ ժանյակից պատրաստված գլխաշորը, դարձավ նորաձև:
Շարֆերը՝ որպես թագուհիների ընտրություն
1837 թվականին թագուհի Վիկտորիայի գահակալությունից հետո շարֆերը դարձան նորաձևության անբաժան մասը: Թագուհին նպաստեց մետաքսե շարֆերի հանրայնացմանը որպես շքեղության խորհրդանիշ:
Առաջին համաշխարհային պատերազմը և շարֆերը
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ շարֆերը դարձան գործնական նշանակության իր՝ պաշտպանելով զինվորներին ծանր պայմաններում: Պատերազմից հետո ավելցուկային մետաքսը սկսեց օգտագործվել հագուստի, այդ թվում՝ շարֆերի արտադրության համար:
Hermes-ը և մետաքսե շարֆերը
1937 թվականին ֆրանսիական Hermes բրենդը նախագծեց առաջին տպագրված մետաքսե շարֆը, որը դարձավ թագավորական և հանրաճանաչ մարդկանց նախընտրած աքսեսուար:
Շարֆերը՝ որպես ժամանակակից աքսեսուար
1950-ականներից սկսած՝ շարֆերը սկսեցին արտադրվել զանգվածաբար, իսկ 1990-ականներից պաշմինաները և կաշմիրե շարֆերը դարձան հանրաճանաչ՝ իրենց փափկության և շքեղության շնորհիվ:
Մեր օրերում շարֆերը կրում են որպես աքսեսուար՝ գլխին, վզին կամ ուսերին պատրաստված լինելով տարբեր նյութերից՝ բամբակից մինչև բամբուկ: